ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ողջ ԱԺ-ին է «տյունինգ» պետք

Ողջ ԱԺ-ին է «տյունինգ» պետք
19.05.2014 | 17:23

Այսօր ԱԺ քառօրյան սկսվեց լրագրողներին վիրավորելով: Երգչուհի, ԱԺ պատգամավոր դարձած Շուշան Պետրոսյանը բոլոր լրագրողներին անվանեց «անբարոյականներ»: Պատճառն այն էր, որ նրան դուր չէին եկել սոցցանցում գրված մեկնաբանություններն իր մասին: Հետո, չգիտես ինչու, սկսվեց ՀՀԿ-ականների «ներողությունների» շարքը: Սակայն տվյալ պարագայում ավելի ճիշտ կլիներ նման արտահայտություն թույլ տված երգչուհին անձամբ ներողություն խնդրեր, ինչին կարծես թե նա պատրաստ չէ:

Երկրորդ թեժ թեման ԱԺ-ում օրերս վերնիսաժում հնչած կրակոցներն էին, որի հեղինակը ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանին «արժանի» փեսայի ձեռքի գործն է: Պատգամավորները գնահատականներ էին հնչեցնում, հիմնականում` դատապարտող:
Իսկ ԱԺ նիստերի դահլիճում ԿԲ նախագահի ընտրության քննարկումներն էին: Արթուր Ջավադյանին երկրի ղեկավարը կրկին առաջադրել է այդ պաշտոնում: Թեկնածուն ընդդիմադիրների հարցերի պակաս չունեցավ: Նախ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչպես է նա վերաբերվում կուտակային կենսաթոշակային համակարգի ՍԴ որոշմանը: «ՀՀ բոլոր քաղաքացիներն էլ պարտավոր են ՍԴ որոշմանը հետևել: Կան այս օրենքում բացեր, որոնց ուշադրություն է դարձրել ՍԴ-ը, մենք փորձում ենք վերացնել դրանք: Այստեղ խոսք չի գնում «պարտադիր» բաղադրիչի վերացման մասին, այլ վերանայման… Օրենքի վերջնական դիզայնը կհամապատասխանի ՍԴ-ի որոշմանը: Իհարկե, լինելու է պարտադիր բաղադրիչը»,-նշեց Ջավադյանը: Այս պատասխանից հետո, Փաշինյանը հեգնեց. «Ես հասկացա, որ ոչ թե պարտադիր կուտակային կենսաթոշակայինի մասին օրենքը բովանդակային փոփոխության է ենթարկվելու, այլ նոր դիզայնի է ենթարկվելու: Կառավարությունն ու ԿԲ-ն ինչ պլանավորում են անել, ընդամենը տյունինգ է: Կուտակայինի մասին օրենքը բերեն օրենսդրական դաշտ, որ դառնա օրինակ՝ պարտադիր սոցապ վճար»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ